Ես դեռ երեխա էի, բայց շատ լավ հիշում եմ, թե․․․ Ռեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան էջում գրել է ․

Ես դեռ երեխա էի, բայց շատ լավ հիշում եմ, թե պետության հիմքի խարխլմանը նպաստող մեր հարուստ բարեկամները ինչ դժգոհ դեմքով էին գյուղ գալիս և սովորաբար ինչ-որ գործով։ Եթե պատահաբար չտեսնեինք իրենց մեքենան, երևի թե կանգ չէին առնի ու մեր որպիսությունը գոնե ձևական չէին էլ հարցնի։

Միշտ իբրև պատահական էին գալիս ու դատարկաձեռն, բայց մենք իրենց դատարկաձեռն չէինք ճանապարհում։ Ամեն մեկի տղայի կամ աղջկա նշանադրության մասին լսելիս այնքան էինք ուրախանում, որ մտածում էինք վաղը կարտոֆիլ է հարկավոր շտապ տանել Երևան վաճառելու, որ հարսանիքին պատշաճ նվերով ներկայանայինք։

Իսկ հարսանիքի մասին արդեն իմանում էինք միշտ հարսանիքից հետո։ Կամ երբ մյուս հարուստ բարեկամը գլուխ էր գովում, որ էսինչ էսինչյան պաշտոնիայի հետ մի սեղանի շուրջ էին նստել հարսանիքի ժամանակ։ Մեզ դա ամենաքիչն էր հետաքրքրում իրականում և մեր կովի տված առատ կաթից ավելի էինք ոգևորվում, քան իրենց՝ թալանչիների հետ ունեցած մտերմիկ կապից։ Ժամանակները այլ էին և անկախ ամեն ինչի փորձում էինք բարեկամական կապը պահել։

Չէինք էլ նեղանում, աշխարհի կարգն էր այդպիսին։ Հետո, երբ մթնոլորտը հայրենիքի այնքան պղտորվեց անարդարությամբ և ծնողներս որոշեցին հանուն իրենց երեխայի ապագայի լքել երկիրը և օտարի հողում գտան իրենց հանգրվանը, այ այդ ժամանակ և ոչ մի հարուստ բարեկամ չհարցրեց, թե ինչու՞ ենք այդ դժվար ու նաև դաժան որոշումը կայացրել։ Չհարցրեցին, թե ո՞վ էր մեր խոսքի ազատությունը ոտնահարել, կամ որևէ լուծում չառաջարկեցին իրենց հարազատներին, կյանքը 1%-ով բարելավելու համար, բայց կարող էին, քանի որ հսկայական ունեցվածք ու բիզնեսներ ունեին կուտակած։

Վերջերս էլ հայտնվել են մուննաթի տեսքով ու փնովում են մեզ, հետո մեղադրում մեզ, որ ձայններս տաք տեղից է գալիս և միայն իրենք Հայաստանում ապրելով հանդերձ գիտեն, թե ինչ է իրականում կատարվում ու պարտադիր երեսով են տալիս, որ հայրենիքում չենք բնակվում և միայն իրենց նման «հայրենասերներն» են մի կերպ դիմանում ներկայիս իշխանություններին։ Ամենավերջում պարտադիր շեշտում են, մեր Հայաստանում չբնակվելը ու հուշում, որ ՀՀ-ում կատարվող իրադարձություններին չխառնվենք։

Իսկ իրականում իրենք նեղված են, որ տղա պսակելուց չեն կարող գլուխ գովալ, որ էս ինչ նախարարն էր եկել ու եսիմ քանի կառատանոց բրիլիանտ էր նվիրել։ Իրենց համար չափազանց սթրեսային է, երբ նոր Հայաստանում թալանով չզբաղված դիմացի հարևանը կարող է իրենց բազմոցից ու վարագույրից ավելի լավը ունենալ, իսկ իրենք էլ ստիպված հարկ պետք է վճարեն պետությանը։ Հավասարության սանդղակը կոկորդներին է կանգնած և մոտակա 10 տարում դժվար էլ մարսեն։

Իսկ մենք բոլորս անպայման մի օր հայրենիք կվերադառնանք, երբ անձինք, որոնց պատճառով մենք արտագաղթել ենք ճաղերի ետևում կլինեն։ Լիահույս եմ, որ այդ օրը չի ուշանա, քանզի սփյուռքում գտնվող ցանկացած հայ լավ գիտի հայրենիքի գինն ու պատրաստ է մինչև վերջին կաթիլը նվիրել իրեն հայրենիքին, միայն թե արդարությունը վերականգնվի և մեր երեխաները ստիպված չլինեն մեր ծնողների դառը ճակատագրի հետքերով գնալ։ ԵՒ թող որևէ մեկը չփորձի սփյուռքի հայությանը ուղղություն ցույց տալ ու ասել, թե ինչին խառնվեն, կամ ինչին չխառնվեն։

Ասողները ժամանակին երկիր էին թալանում և սփյուռքի հայության ուղարկած միլիոններով իրենց թալանը քողարկում։ Դուք ընդամենը նույն մարդիկ եք, որոնք հեղափոխությունը չմարսեցին, բայց լուռ, իսկ հիմա խոսելու ու բողոքելու ձևերն եք սովորել և կարծում եք, թե ամեն մարդու խելքի բան է, կամ էլ խաղ ու պար է հեղափոխություն անելը։ Ի դեպ ես ձեզ ԺԵԽ չեմ անվանում, ձեր շարքերում իմ բարեկամներից էլ կան, բայց նշածս բարեկամները առանց խորշելու անգամ իրենց բարեկամներին են վիրավորում։

Ոչինչ ներում ենք։ Վստահ եմ, որ թալանածն էլ հենց բռնագանձվի իրենց գյուղի բարեկամներին ամեն աշուն կհիշեն և միգուցե տեղափոխվեն գյուղ մշտական բնակության։ Խոստանում եմ դատարկաձեռն չեմ այցելի իրենց, հարսանիքիս էլ անպայման կհրավիրեմ։ Ճիշտ է նախարարներ չեն լինի հրավիրված, բայց գոնե իրենց բարեկամների հետ մոտիկից կծանոթանան!!!