Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները պայմանավորվել են․ Մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում դիտարկվել են համատեղ աշխատանքի հիմնական ոլորտները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրագործումից:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը.

— երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների համար,
— փոխադրումներն ապահովելու հարցերի, այդ թվում` անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակների համար։

Կողմերը պայմանավորվել են փորձագիտական ենթախմբերի կազմավորումն ավարտել մինչև 2021 թվականի փետրվարի 2-ը, իսկ դրանց առաջին հանդիպումներն անցկացնել մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը:

Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:
Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: