Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը նոր հայտաչաչությամբ հանդես եկավ

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում՝ լինելով հաղթող, թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում…

Իհարկե, գերադասելի է լինել ոչ առաջինի և ոչ էլ երկրորդի կարգավիճակում, այլ բոլոր նրանց (այդ թվում նաև հակառակորդ կողմի) տրամադրությունների կրողը, ովքեր հակառակ ճամբարում ունենալով գերեվարված և տունդարձի սպասող հարազատներ, աշխատում են անել այն, ինչը հնարավոր կդարձներ վերջիններիս վերադարձը հայրենի օջախներ…

Հ.գ.- Դեռևս 1991-1994 թթ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ունեցած ռազմագերիներին վերադարձնելու համար մարտական գործողություններին զուգահեռ կողմերը ստեղծել էին «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտե», որի կատարած աշխատանքի արդյունքում մենք ունեցանք այն, ինչն, ավաղ, չունենք այսօր:

44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուսուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք նման պետական կառույց: Հետաքրքիր է, ինչո՞ւ…»։