Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված հայտարարությունից հետո՝ ռազմական դրության պայմաններում, մի խումբ անձինք ներխուժել էին նախ կառավարության շենք, ապա կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայր, ապա Ազգային ժողովի շենք։
Նույն ժամանակ նրանք նաև ծեծի էին ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի շենք։ Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար, ինչպես նաև հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն հոդվածներով:
Այս գործով նախաքննությունը իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ կառավարության, Ազգային ժողովի և այլ պետական կառույցների, հասարակական վայրերում զանգվածային անկարգությունների համար, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով այս պահին կալանավորված է 13 անձ։ Գործով նախաքննությունը շարունակվում է։