Ազգային ժողովում վարչապետին հարց էին ուղղել Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի վերաբերյալ բացահայտված գրավոր փաստաթղթի մասին։ Դա ստորագրված փաստաթուղթ չէր, միաժամանակ դրանում նախատեսված միջոցառումը փաստացի իրականացվել է։ Սյունիքի համայնքապետերն ասում են, որ իրենք տեղյակ են եղել նման պայմանավորվածությունից։
Հետաքրքիր է, որ վարչապետը չպատասխանեց իրեն ուղղված հարցին։ Նրա փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի պատասխանն ավելի խճճեց իրավիճակը․ «Ես առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Եվ բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը։ Եվ դա կրկին միակ պայմանավորվածությունն է», պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասելով, որ նման հարցերը չարժե քննարկել հարցուպատասխամի ձեւաչափով։
«Ես տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերի մասին», այս կապակցությամբ լրագրողներին ասել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը․ «Դուք հարցնում եք՝ ես տեղյակ եմ, թե ոչ, ես ասում եմ՝ տեղյակ չեմ։ Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ և պաշտպանում է Հայաստանի պետական ու ազգային շահը։ Մեր ոլորտին վերաբերող գործառույթները կատարում ենք լիարժեք։ Դուք հարցրեք պարոն Ավինյանին»։
Իր հերթին, ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն ասել է, որ փոխվարչապետի պատասխանները մի բան են հուշում՝ կամ նա չի տիրապետում իրավիճակին, կամ կա կոնկրետ այլ բանավոր կամ փաստաթղթային պայմանավորվածություն, որի մասին իշխանությունները շարունակում են լռել։ «Հավանաբար փորձում են դոզավորված այդ տեղեկությունները ՀՀ քաղաքացիներին հրամցնել։ Երբ մենք Սյունիքում էինք, համայնքի ղեկավարները հստակ նշում էին՝ կոնկրետ Ծղուկ լեռան հատվածում կա խնդիր։ Այս պահին GPS-ը արձանագրել է, որ դա Ադրբեջանի տարածք է։ Իսկ քանի որ համայնքի ղեկավարներն իրենք են այդ ժամանակահատվածում պետության փոխարեն առնչվել ադրբեջանցի զինվորականների հետ, ասել են՝ երբ ձյունը կհալվի, այդտեղ տեղի կունենան սահմանազատման աշխատանքներ։ Նույն խնդրին մենք ականատես եղանք Ջիլ համայնքում, որտեղ համագյուղացիներին են ցույց տվել կոնկրետ դիրքը և ասել, որ նույն խնդիրն իրենց սպասում է գարնանը։ Որևէ մեկդ այս իշխանություններից այդ մասին լսե՞լ եք»։
Ինչ է ստացվում՝ փոխվարչապետը փորձում է լղոզել հարցը, ԱԳ նախարարը տեղյակ չէ դրանից, իսկ տեղերում տեղեկատվություն ստացվում է թուրքերից ու երբեմն ռուս սահմանապահներից։ Սա վկայում է, որ պետական ապարատը կաթվածահար է, մյուս կողմից՝ բարձրագույն ղեկավարությունը ռուսների ու թուրքերի հետ գտնվում է գաղտնի բանավոր ու գրավոր պայմանավորվածությունների մեջ, որոնք, ինչպես Շաքե Իսայանն է ասում, հրամցնում են դոզավորված։
Մյուս կողմից, չի բացառվում, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում հընթացս, Մոսկվայի ու Բաքու-Անկարայի միջեւ ինչ որ տարընթերցումների պատճառով։ Բնականաբար՝ Հայաստանի հաշվին։ Օրինակ, հայտնի է դարձել, որ Բաքուն համաձայնել է իր նավթի մի մասը տեղափոխել ռուսական երթուղով, որը ձեռնտու չէ թե ֆինանսապես՝ Բաքուն կրկնակի վնաս է կրում տրանզիտի բարձր վճարի եւ իր նավթին ռուսական էժան նավթը խառնելու պատճառով, թե նաեւ քաղաքականապես։ Մյուս կողմից, հասկանալի է, որ գնալով նման պայմանավորվածության՝ Բաքուն Մոսկվայից ինչ որ բան է ստանում Արցախից ու Հայաստանից։
Նախորդ հրապարակումներից մեկում նկարագրել էինք այն իրավիճակը, որը հնարավորություն է տալիս իրագործել Լավրովյան պլանն ընդդեմ Հայաստանի։ Միեւնույն ժամանակ, եռակողմ անօրինական հայտարարությունը ստորագրողները՝ Պուտինը, Ալիեւը եւ Փաշինյանը, հիշեցնում են հանցանքի վայրում բռնված գողեր, եւ արտաքին ճնշման ու հայ ժողովրդի դեմ ցեղասպան գործողությունների մեղադրանքի տակ նրանցից մեկի նյարդերը ուր որ է տեղի են տալու, եւ նա պատմելու է ողջ ճշմարտությունը պատերազմի հանգամանքների ու «կարգավորումների» մասին։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի առաջինը պատմի։ Օրինակ, ինչի դիմաց են ռուսները գլխացավանք հայտարարել Հադրութի հայկական դիրքերը, ով է ում «պարտք» Շուշին, արդյոք Մոսկվան է դիմել Հայաստանին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով, թե եղել է հակառակը։