Որքան ավելանում են չուզողները, նույնքան ու ավելի հզոր շարունակվում է ԻՄ ՔԱՅԼԻ հաղթարշավը

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԴԱՇԻՆՔԸ
Որքան ավելանում են չուզողները, նույնքան ու ավելի հզոր շարունակվում է ԻՄ ՔԱՅԼԻ հաղթարշավը: Դա Հայաստանն ազնվորեն սիրող, Հայաստանը ժողովրդավար երկիր դարձնելուն կոչված նվիրյալների ՔԱՅԼՆ է:
Այդ նվիրյալներն այսօր էլ Նիկոլ Փաշինյանի կողքին են, նրան ու հեղափոխության արժեքներին հավատարիմ ու ազնվորեն ծառայողներ են: Իմ քայլականները դանդաղ, բայց համառորեն ու հստակ ծրագրով իրավունքի գերակայություն են հաստատում Հայաստանում: Այդ պրոցեսը այսօրվա ու վաղվա համար կարևոր ու անբեկանելի օրենքների ընդունման, դրանք հստակ գործի դնելու տևական, անշտապ աշխատանք է պահանջում:

Շտապողներին և անտեղի շուտ հիասթափվողներին հիշեցնեմ, թե ի՞նչ երկիր էր ժառանգություն ստացել նոր կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանին և իր թիմին բաժին էր հասել 20-ից ավել տարիներով քարուքանդ, բզկտված, թալանված, արյունաքամ եղած մի երկիր: Փաշինյանն Առաջնորդ էր եկել փշալարերի, ձերբակալությունների, կալանավորման փորձարկումների միջով անցնելով: Եկել էր, որ ժողովրդին վերադարձնի իրեն պատկանող, բայց իրենից անմարդկայորեն խլած Հայրենիքը:
Սա հասկանում են Հայաստանն իրենց սուրբ հայրենիքը համարող, իրենց սրտում հայրենիքի զգացողությունը սրբորեն պահող կարգին հայերը: Սա հասկանում է անգամ օտար ընկերը, երբ գրում է. «Աստված Հայաստանը մաքրում է Փաշինյանի միջոցով: Ցավոտ է լինելու նրանց համար, ովքեր կանգնեն Աստծո ճամփի առաջ»:

Աստված, Աբրահամի նման, Նիկոլ Փաշինյանի կամքը, համառությունը, հավատարմությունը, ժողովրդասիրությունը փորձարկեց՝ աներևույթ թշնամի կորոնավիրուսի դեմ անդուլ պայքարով, հետո՝ պարտադրված պատերազմ Արցախում, հետո՝ պատերազմ ներքին թշնամու դեմ: Ներքին թշնամին ավելի վտանգավոր ու ստոր է: Նրա տակտիկան երկիրը ներսից քայքայելն է: Նա բանսարկություններով, շանտաժով, զանազան սպառնալիքներով փորձում է խարխլել Վարչապետի թիմի բնականոն աշխատանքը:
Սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ նրանք, ովքեր մահու չափ վախենում են ժողովրդավարությունից, ուր չկան թալան, բռնություն ու սպանություններ, որոնց սովոր էին իրենք:

Սա չհասկացան անգամ (ա՜յ քեզ աբսուրդ) երկրի նախագահն ու չկաթողիկոսը:
Սա չհասկացան նաև որոշ թուլակամներ, որոնք ժողովրդավարությունից նեղվածների ձայնը լսեցին, կամ իրենց երեսին շպրտած նրանց գրոշներից շլացան ու առնետավազքով իրենց փորձեցին դնել «Հայրենիքը փրկողների» տեղ: ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից դուրս եկած այդ մի քանի դավաճան պատգամավորների վարքագիծը քննելու խնդիրն անգամ չկա, որովհետև նրանք կա՛մ նախկին մերժվածների հետ սերտ կապեր են ունեցել, կամ էլ գումար ստանալով՝ գունափոխվել են, ու նրանց այդ վարմունքը բնավ էլ եղանակ չի ստեղծում:

Եվ, փառք Աստծո, ի հեճուկս դրանց, «Իմ Քայլը» դաշինքը շարունակում է համառորեն առաջ տանել ժողովրդավարության սկզբունքները՝ հավատարմորեն մնալով Վարչապետի կողքին: Կիրթ, ազնիվ, անկաշառ, մաքուր կենսագրության տեր երիտասարդներ են ԱԺ-ում և կառավարությունում, ովքեր հեռու են կաշառակերության գայթակղությունից, ովքեր հավատարիմ են հեղափոխությամբ հաստատված ժողովրդավարության սկզբունքներին:

Բարեփոխումները ինչ-որ տեղ դանդա՞ղ են առաջանում, մի՛ հուսահատվեք և մի՛ մեղադրեք բարեփոխիչներին, որովհետև նրանց ճանապարհը խոչընդոտողները ստոր են ու չափազանց: Դանդաղում են, որովհետև երկրում իրավունքի գերակայություն հաստատելը պահանջում է ժողովրդավար այնպիսի՛ օրենքների ընդունում, որոնք տևական ժամանակներ շարունակեն գործել:
Դանդաղո՞ւմ են: Այո՛, դանդաղում են, որովհետև ահավոր դժվար է դատաիրավական նեխած ճահիճը մաքրելը, դժվար է նախկինների հյուսած գորդյան հանգույցը քանդելը, դժվար է նախկինում կաշառքով, թալանով հարստացած մարդուն համոզել, թե դու պարտավոր ես ժողովրդից թալանածը վերադարձնել և բոլորովին այլ պայմաններում աշխատել ու ապրել:
Դժվար է տասնամյակներով կաշառքով անօրեն վճիռներ կայացրած դատավորներից ոմանց հասկացնել, որ սա արդեն ուրիշ երկիր է՝ ուրիշ կարգով ու սկզբունքով: Դժվար է նման դատավորների աչքը խոթել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները, որոնց սահմանած տուգանքները երկրի բյուջեից են վճարվում և ոչ թե անօրեն վճիռներ կայացրած կաշառակեր դատավորների գրպանից:

Նաև սա՛ է այս «դանդաղել» կոչվածի պատճառը:
Ու այս պայմաններում որոշ ստահակների բերանից հնչում է, թե Փաշինյանը կարգին թիմ չունի: Չարաչար սխալվում եք, պարոնայք դավադիրներ, դուք պարզապես վատ եք զգում, որ Հայաստանն ազատ, ժողովրդավար երկիր է դարձել: Վատ եք զգում, որ ժողովուրդն իրեն իշխանության տեր է զգում, իրեն մարդ է զգում, ում իրավունքները պաշտպանված են: Սխալվում եք ու ձեր նենգ քայլերով, ձեր դավաճանությամբ փորձում եք ղարաբաղցի այն երկու հանցագործ նախագահներից հազիվ ազատված մեր ժողովրդին նորից ձեր նախկին տերերի սարքած ճահիճը խրել:

Հիասթափեցնեմ ձեզ, հայրենիքի դավաճաններ, չի՛ ստացվելու:
Նիկոլ Փաշինյանի թիմը հավատարիմ, անձնվեր երիտասարդների թիմ է: Անդավաճան թիմ:
Ես անձամբ, այդ փաստն ընդունում եմ որպես բացահայտ ճշմարտություն և աջակցել ու շարունակում եմ աջակցել Նոր Հայաստանում ժողովրդի ընտրյալ Նիկոլ Փաշինյանին:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ