Սկսվեց նրանից, որ ճրագթաթն անտառ էր․ Լիզա Ճաղարյան

«Սկսվեց նրանից, որ ճրագթաթն անտառ էր։
Գարունը գալիս է ներքևից, անտառը շագանակագույն դարձնելով բարձրանում է վեր։ Մութ-շագանակագույնին հետևում է բացը, ապա ներքևում ինչ-որ տեղ բացվում ու հանգիստ ծավալվում է դեպի վեր՝ կանաչը։

Ձմեռը գնում-կանգնում է Զարդաքար սարի կատարին. թագի պես բոլորված ամպի տակ միայն մատանու ակի չափ ձյուն է մնում՝ առնված ջերմ գարնան մեջ։ Տերևը դեպի Զարդաքար գնում է կկվի կանչերով։ Կկուն հայտնում է ամեն մի ծառի կանաչելը և ամեն մի բողբոջի ճմլկոտելը արթնանալիս։ Անտառը շատ է մեծ, և դուրս է գալիս, որ կկուն է շատ խոսում։ Գետի զահլան գնում է.

— Լշշեցինք, հիշշում ենք, նոր աշշացիր… Վա՜հ… այշպեշ էլ շատախխոշշշ…— Ուրեմն գետը խոսում է գրական հայերենով, բայց շվվոցով որովհետև ատամները թափված են։ Իսկ կկուն չի վիրավորվում, որովհետև գիտի, որ գետը ծեր է ու անքնությունից դժգոհ,— և կկուն շարունակում է իմաց տալ բողբոջների բացվելու մասին՝ մինչև անտառի վերջին ծառը։

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին մգանում է կենտ հաճարենու տերևը. մուգն սկսվում է այդտեղից, կամաց բարձրանում, հասնում Զարդաքարի լանջը։ Ու հենց մուգ կանաչ է դառնում լանջի կենտ բոխին, անլսելի ելևէջ տալով, մշուշ են դառնում, անէանում սարի գլխին ամպի տակ կուչ եկած վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ։

Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած՝ նոր ձյուն… Դա ամռան վերջը և աշնան սկիզբն է։ Անտառը կարմրում է։ Լո՜ւռ… Ինչ-որ տեղ միայն՝ զա՜նգ՛ զնգում է ժայռից քամվող աղբյուրը։
Ձորերի վրա մի այնպիսի տխուր մեղեդի է կախում անտառը…
Ահ, չեք տեսել ճրագթաթը, ձեզ ի՜նչ եմ ասում…»
Հրանտ Մաթեւոսյան «Ահնիձոր»