Մերժում ստանալով ընդդիմությունից՝ որոշեցինք վերադառնալ «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը. Փաշինյան

Մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,-այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:

Ադրադառնալով դիտարկմանը, որ ընտրությունների հավանականությունը պահպանվում է, վարչապետը նշել է. «Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է:

Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

(Visited 10 times, 1 visits today)