Արցախի նախագահի խոսնակը՝ Արայիկ Հարությունյանի և Օնիկ Գասպարյանի հանդիպման մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյաինի հետ։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի նախագահը ստանձնել է Հայաստանի ներքաղաքական դաշտի տարբեր կողմերին իրար մոտ բերելու միջնորդություն և շարունակում է իր այդ առաքելությունը»,- նշեց խոսնակը։

Իսկ թե արդյոք այդ առաքելության շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հարցին Լուսինե Ավանեսյանը պատասխանեց․

«Եթե կողմերին հաշտեցնելու առաքելություն է ստանձնել, բնականաբար, պիտի հանդիպի բոլոր կողմերի հետ»։

Հետագայում այլ հանդիպումներ ունենալու հետ կապված խոսնակն ասաց, որ չի կարող հստակ ինչ-որ բան ասել, բայց գործընթացը շարունակվում է։ Նախագահը չի հրաժարվել իր մտադրությունից։

Նա նաև նշեց, որ Արայիկ Հարությունյանը դեռևս Երևանում է և կմնա այնքան, որքան կպահանջվի։

Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։

(Visited 57 times, 1 visits today)