Դավիթ Սանասարյանը կոչով է հանդես եկել

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնություն
Մանիֆեստ
Բոլոր նրանց, ովքեր հավատում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանն ու նրա անսակարկելիությանը, հզոր պետականության կերտմանը, սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքին.
Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացման գործում ի շահ հայրենիքի ծառայությանը.

Բոլոր նրանց, ում համար հանրային համերաշխությունը, երկխոսությունը, քաղաքակրթական և համամարդկային արժեքների ձևավորումն ու պահպանումն անվիճելի սկզբունքներ են.
Բոլոր նրանց, ում համար Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունն ու ժողովրդավարության ամրապնդումը գերակա և անբեկանելի արժեքներ են.
Բոլոր նրանց, ովքեր կարևորում են մեր երկրում քաղաքական կայունությունն ու քաղաքական մշակույթի ձևավորումը, ինչպես նաև քաղաքական ճգնաժամերի, անհանդուրժողականության քարոզի, ներհայաստանյան հարցերը բռնությամբ լուծելու և հասարակության բևեռացվածության անթույլատրելիությունը.

Բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, նրա տնտեսական ներուժի կայուն զարգացումը, անհատի և ժողովրդի կատարելագործումը, Հայաստան – Արցախ – Սփյուռք ներդաշնակ եռամիասնությունը դիտարկում են Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախյան հիմնահարցի կարգավորման և վերջնական լուծման առաջնային և բացառիկ գործոն.
Բոլոր նրանց, ովքեր ընդունում են նախկին իշխանության ձևավորած և գործարկած քրեաօլիգարխիկ համակարգի քայքայիչ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, դիվանագիտական և ռազմական պատրաստվածության ոլորտներում, որոնք վճռորոշ ազդեցություն ունեցան 2020թ. Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտության վրա.

Բոլոր նրանց, ովքեր հավատացին 2018թ. հեղափոխությանը և սկզբունքներին, որոնց իրականացման գործում ժողովրդի վստահության մանդատը ստացած քաղաքական ուժը գրեթե ամբողջությամբ ձախողեց հեղափոխական բարեփոխումների օրակարգը, իրականացրեց սխալ կադրային քաղաքականություն, խափանեց դատաիրավական, հակակոռուպցիոն և մի շարք այլ ոլորտային բարեփոխումներ անցկացնելու հանձնառությունն ու հասարակական սպասումները.

Բոլոր նրանց, ովքեր, բացի քաղաքական, տեղեկատվական, սոցիալական և տնտեսական անվտանգային բաղադրիչներից, նաև զինված ուժերի արդիականացման, տեխնոլոգիականացման, մարտունակության մշտական աճի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով են տեսնում Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու մարտահրավերներին դիմակայումը, որտեղ յուրաքանչյուր զինվոր, սպա և գեներալ հավատարիմ են հայրենիքին և ժողովրդին տված երդմանը.

կոչ ենք անում մասնակիցը լինել «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնությանը՝ 2018թ-ի հեղափոխական օրակարգը և վերոնշյալ հրամայականները կյանքի կոչելու համար։
Հանուն հզո՛ր, ինքնիշխա՛ն, ժողովրդավա՛ր և միասնակա՛ն Հայաստանի։
27 մարտի 2021թ․»:

(Visited 67 times, 1 visits today)