Ինչպես էր գերեվարվել երեկ վերшդարձած գերին

Երեկ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած երեք գերիներից մեկը

Շիրակի մարզի 22-ամյա բնակիչ Սամվել Շուխյանն է,-գրում է azatutyun.am-ը:

44-օրյա պատերազմին մասնակցած պահեստազորայինը գերեվարվել էր նոյեմբերին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո։

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիները վերադարձվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

Տղայի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բուժզննում է անցել, լուրջ առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ լավ է. «Շատ լավ, ուրախ, տրամադրությունը բարձր, շատ լավ: Մենք էլ շատ ուրախ ենք: Տարել են հոսպիտալ, բուժզննում է անցել, նորմալ է ամեն ինչ»:

Տիկին Գոհարը պատմեց, որ Սամվելի մայրը միայն երեկ է իմացել որդու գերեվարման մասին։ Լուրը նրանից խնամքով թաքցնում էին. «Մեր այդ ապրումները տանջանք էին, իր մաման տեղյակ չէր, մինչև վերջ չգիտեր, երեկ իրիկունը նոր իմացել է, եկավ երեխան, նոր իրեն ասել ենք, մաման գիտեր, որ Ղարաբաղ խրամատներ կփորեր, դիրքերն էր»:

Սամվել Շուխյանը զինծառայող ընկերների հետ գերեվարվել էր Խծաբերդում, երբ արդեն ավարտվել էր լայնածավալ պատերազմը։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում շիրակցի երիտասարդը Ջաբրայիլում էր, տուն էր վերադարձել, հետո նրան նորից կանչել էին ծառայության. «Խծաբերդից էր, ՄՈԲ էր, տարան, նոյեմբերի 27-ին գնացել է` հրադադարից հետո է եղել, պատերազմին Ջաբրայիլում է մասնակցել: Մարտական էլ եկել էր, ռազմական եկավ երեխեքի հետևից, երեխեքը գնացին, ու մեր երեխեքին էտպես տանջեցին, սա տանջանք էր:

Մենք շատ շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր երեխուն Աստված է բերել, ոչ ոք, ու շատ շնորհակալություն կհայտնենք Մուրադովին, Մուրադովը կզբաղվի մեր տղաներով»:Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

Եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի տարածքից գերեվարված զինծառայողներին պաշտոնական Բաքուն ռազմագերի չի համարում, այլ նրանց բնորոշում է որպես ահաբեկիչներ։ Պաշտոնական տվյալներով` գերությունից վերադարձվել է 72 գերի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի տվյալներով` այս պահին Ստրասբուրգի դատարանում 188 անձի վերաբերյալ որոշում կա։ Գրասենյակի իրավաբան փորձագետ Իգոր Միրզախանյանը փոխանցեց՝ մարտի 10-ի դրությամբ Եվրադատարանը հրապարակել էր 249 գերու մասին իր որոշումները, բայց քանի որ նրանց մի մասը վերադարձել է հայրենիք, այժմ ՄԻԵԴ-ը զբաղվում է 188 գերիների հարցերով։ Սակայն պաշտոնական Բաքուն հաստատել է, որ իր տարածքում միայն 72 գերի կա, որոնցից երեքը վերադարձվեցին երեկ. «Մենք ունենք 188 անձի վերաբերյալ կայացված որոշում, բայց որպեսզի համարենք, որ այդ մարդիկ գերության մեջ են, պետք է ունենանք ադրբեջանական կողմից պաշտոնական հաստատում դատարան:

Մինչդեռ գիտեք, որ որոշումները կան, բայց Ադրբեջանի կողմից համագործակցությունն ու դատարանին բավարար ինֆորմացիայի տրամադրում չկա, ու այդ առիթով դատարանը մարտի 9-ին որոշում է կայացրել իր որոշումները չկատարելու խնդրով դիմել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե»:

(Visited 16 times, 1 visits today)