Շատերը մինչև այսօր զարմանում են, որ հարազատ քույրեր ենք

Մոդել Թերեզա Մարտիրոսյանն այս շրջանում մեծ զբաղվածություն չունի, ըստ նրա՝

սկսել է ժամանակ հատկացնել ընտանիքին, անձնական կյանքին, ընկերներին: Tert.am Life-ի հետ զրույցում Թերեզան խոսել է ազատ ժամանակ նկարելու, իր կողքին այս պահին որևէ մեկին չպատկերացնելու, քրոջ՝ Լիլի Մորտոյի հետ հարաբերությունների, նրա կերպարի և իրար նման չլինելու մասին:

Թերեզայի խոսքով՝ նախկինում աշխատանքային զբաղվածությունն այնքան շատ էր, որ ընտանիքի, անձնական կյանքի, ընկերների համար չէր կարողանում շատ ժամանակ հատկացնել:

«Հիմա կարողանում եմ ամեն ինչի համար ժամանակ գտնել, գուցե նրանից է, որ ժամանակը ճիշտ եմ բաշխում և աշխատանքային ծանրաբեռնվածություն չունեմ: Նաև սկսել եմ նկարել, բայց երբևէ ոչ մի տեղ չեմ սովորել: Փոքր տարիքում մեր տան պատերին էի նկարում, ինչպես բոլոր երեխաները: Նույնիսկ տանը հատված ունենք, որը երկար տարիներ մայրս այդպես էր թողել: Ընտանիքիս անդամները, ընկերներս, քույրս՝ Լիլին, շատ են գնահատում իմ աշխատանքները:

Լիլին հաճախ է իր էջում տեղադրում իմ նկարները, ինչն ինձ ոգևորում է, որովհետև նա իմ շրջապատի ամենաադեկվատ մարդն է՝ չնայած շատերի մոտ կարող է այլ տպավորություն ստեղծվել: Եթե ինչ-որ բան վատ լինի, նա կասի, նաև կասի, եթե ամեն ինչ շատ լավ է»,- ասաց նա:

Ըստ մոդելի՝ իր սիրտը զբաղված չէ, կյանքի այս փուլում անձնական հարաբերությունների մասին չի մտածում: «Տարիքի հետ ավելի բծախնդիր ես դառնում, ընտրությունը բարդանում է: Շատ լավ է, երբ կողքիդ տղամարդ կա, բայց ամեն մարդ իր երջանկությունն առաջին հերթին իր մեջ պետք է փնտրի: Ես բծախնդիր մարդ եմ, եթե պետք է հանդիպեմ տղամարդու հետ, մտածեմ ընտանիք կազմելու մասին, նա պետք է ինձնից առավել լինի,

ամբողջ կյանքում ցանկանամ նրանից ինչ-որ բան սովորել: Իմ կողքի տղամարդը նաև ֆինանսապես պետք է ինձնից առավել լինի, բայց շեշտը չեմ դնում միայն դրա վրա, ավելի շատ գնահատում եմ մարդու ձգտումները: Հիմա սկսել եմ իմ գիտելիքների վրա ժամանակ ծախսել, որպեսզի իմ ուզած, ինձ համապատասխան տղային ավելի հեշտ գտնեմ: Կարծրատիպեր կան, որ տղան պետք է բարձրահասակ, շեկ, հարուստ լինի, ես նման բաների մասին երբեք չեմ մտածել, երջանկությունն այդ ամենի մեջ չէ»,- նշեց նա:

Թերեզան ու Լիլի Մորտոն հարազատ քույրեր են: Նրանց ծայրահեղ տարբեր կերպարներ ունենալու թեման շատ է քննարկվում: Թերեզայի խոսքով՝ բնական է, որ իրար նման չեն, զույգ քույրեր չեն:

«Մենք ընտանիքում 5 երեխա ենք, իրար նման չլինելը բնական է, բոլոր են տարբեր, այնպես չէ, որ միայն ես ու Լիլին ենք տարբեր: Շատերը մինչև օրս զարմանում են, որ քույրեր ենք: Մենք նմանություններ չունենք, բայց կարող ենք միաժամանակ ասել նույն արտահայտությունը, լսել նույն երգը: Մենք փոքրուց ենք տարբեր եղել, Լիլին արտաքնապես միշտ տարբերվել է բոլորից, հագել է տարբերվող հագուստ, մազերը հարդարել է տարբերվող ձևով:

Իսկ ես հանգիստ եմ եղել, յուրահատուկ առանձնահատկությամբ չեմ տարբերվել, հիմա էլ չեմ տարբերվում: Մեր տարբեր լինելը վեճերի առիթ չի դառնում, փոքր տարիքում կարող էինք ափսեները լվալու կամ տունը հավաքելու համար վիճել, մեծ տարիքում վեճեր չեն եղել: Եղել է՝ Լիլիին ասել եմ՝ մազերդ այդպես լավ չէ, ինչո՞ւ ես այդպես արել, նա էլ ասել է՝ այդպես եմ ցանկացել, այդպես եմ արել»,- պատմեց Թերեզան:

Լիլի Մորտոյին բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են վերագրում: Թերեզան շեշտեց, որ ինքը պլաստիկ վիրահատություններին դեմ չէ, եթե տվյալ մարդն այդպես է ուզում:

«Եթե Լիլին ուզում է պլաստիկ վիրահատություններ անել, դա իր որոշումն է: Ես կարող եմ կողքից խորհուրդ տալ, բայց դիմացինդ հասուն մարդ է, նա է որոշում ինչպես կառուցել սեփական կյանքը: Ինչ էլ Լիլին որոշի, իր կողքին եմ: Ես պլաստիկ վիրահատություններ, միջամտություններ չեմ արել, բայց եթե չեմ անում, չի նշանակում, որ դեմ եմ կամ պետք է ասեմ՝ ի՞նչ ես արել: Իհարկե, խոսքն ամեն ինչ չափի մեջ անելու մասին է: Շատերը կարծում են, որ Լիլիի միջամտությունները չափի մեջ չեն, բայց նրանցից շատերը և՛ քննադատում, և՛ հետևում են նրան, ինչ-որ տեղ ուզում են նմանվել:

Լիլին թեթև է վերաբերում քննադատություններին, ուշադրություն չի դարձնում, իսկ ես այդպիսին չեմ: Կարող եմ տպավորվել ինձ շրջապատող մարդկանցից մեկի կարծիքից: Չեմ կարդում նրա հասցեին մեկնաբանությունները, եթե կարդամ, միգուցե նեղսրտեմ: Մարդիկ, ովքեր վատ բաներ են գրում, նշանակում է՝ իրենց կյանքում էլ վատն է տիրում, չեն կարողանում սեր տալ: Դա վատ է տվյալ մարդու, ոչ թե Լիլիի կամ մեկ ուրիշի համար, ում հասցեին վատ մեկնաբանություններ են գրում: Ամեն դեպքում, եթե մի բան քննադատվում է, նշանակում է՝ հաջողված է»,- ընդգծեց Թերեզան:

(Visited 40 times, 1 visits today)