Ադրբեջանցիների կողմից մեր ջուրը թունավորելու լուրերի մասին․ «Վեոլիա ջուր»-ի հայտարարությունը

Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը.

«Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է:

Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ:

Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գանգատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով:

(Visited 55 times, 1 visits today)