Գագիկ Ծառուկյանն անդրդվելի է… Մանդատ հայրենիքի դիմաց

«Առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել։

Իսկ խնդրի լուծումը ես միշտ ասել եմ ու նորից ուզում եմ ասել, այլ կերպ դա լուծում չունի՝ մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ նոր փաստաթուղթ ստորագրենք՝ ռազմաքաղաքական։ Եվ հայ-ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահի, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի, լարված չլինի։

Մենք միայն ու միայն մեր անվտանգությունը կկարողանանք ապահովել ռուս զինվորի հետ միասին։ Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարա շարժվի, այդ ժամանակ լիարժեք անվտանգ ու ապահով կլինեն և ժողովուրդը, և սահմանները», ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ընտրարշավին հետեւողները նկատել են, որ ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը նվիրված է Ռուսաստանին: Նախորդ ընտրաշրջաններում էլ էր այդպես, սակայն ներկայում դա առավել ընդգծված է: Ծառուկյանը հաճախ է ելումուտ անում հայկական ընտրաշրջանի կուրատոր դեսպան Կոպիրկինի մոտ, նրա հետ հայ-ռուսական բարեկամությանը նվիրված  հուշարձան է բացում ԷֆԷսԲե վարչության երեւանյան գողտրիկ բակում՝ ռուս դատարկ վագոններին, ասում են, ուշացավ դիմավորել: Ընդ որում, եթե Հայաստանի մյուս ռուսանպաստները սկսել են խոսել ինքնիշխանությունից ու ստիպված ինչ որ ակնարկներ ու պահանջներ են ներկայացնում Մոսկվային, քանի որ հայտնի բանի համն արդեն դուրս է գալիս, Ծառուկյանն անդրդվելի է Ժիգուլեւյան լեռների պես:

Նրանից իհարկե քաղաքական դիրքորոշում պետք չէ սպասել, այդ թվում պարզ հարցերի պատասխաններ, օրինակ՝ ի՞նչ եղան Ռուսաստանի հետ Տեր-Պետրոսյանի ընդամենը երեկ գովերգած ռազմաքաղաքական պայմանագրերը, որ հիմա նորի կարիք կա, որն է Ռուսաստանի քաղաքականության արդյունքը Հայաստանում արդեն 200 տարի, էլ չասած բարդ հարցերի մասին՝ ինչ անել հայրենազրկման ու ցեղասպանության շրջանից դուրս գալու համար:

Մահ, բայց գիտակցված արյան գնով, այդ շրջանն ավարտվում է, փրկչության առասպելով հանդերձ, եւ գուցե դրանով է բացատրվում հիմա ռուսանպաստների լեզվավարժանքների ռոբոտային տարտամությունը: Ավարտվում է Հայաստանի հաշվին եւ Հայաստանի հետ:

Հարկ է զատել, անջատել Հայաստանը Գագիկի եւ նման մյուսների ավարտվող Ռուսահայաստանից: Ռուսները հանգիստ կթողնեն բոլորին, բացի Հայաստանից, որովհետեւ այստեղ ռուսական պետության կյանքի ու մահվան հարցն է: Դա որքան ծանր հանգամանք է Հայաստանի համար, նույնքան էլ՝ հնարավորություն, որը Մոսկվան չեզոքացնում է ամենատարբեր նողկալի մեթոդներով, այդ թվում՝ ռուսանպաստ կուսակցությունների ու հսկայածավալ քարոզչական մեքենայի միջոցով, սերմանելով վախեր եւ անայլընտրանքայնության զգացողություն:

Կոչվում է այդ ամենը հայ ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմ՝ տեսությունից հայտնի «անկանոն պատերազմների» մի տարատեսակ, որն, անշուշտ, իր բանակն ունի՝ մայորները, սերժանտներն ու «դրոններն» ունի, բայց չունի ճակատ: Այն ամենուր է, յուրաքանչյուրիս գլխում:

Հանրությունը դա գիտակցում է, գիտակցում է ռուս-թուրքական տանդեմի թշնամական էությունը: Հնարավո՞ր է փոխել իրավիճակը: Անշուշտ, եւ հանրությունն առաջիկա ընտրությանն ունի այդ հնարավորությունը: Ընտրության չափորոշիչը չափազանց հստակ է՝ պետք է մերժվեն Լավրովի պլանն ու դրան հավատարմություն հայտնած խմբերը:

(Visited 13 times, 1 visits today)