Փաշինյանին հիմա անհրաժեշտ է ներքին ճկուն միջավայր. Մանրամասներ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքն արտախորհրդարանական ուժերի հետ այսօր շարունակվում է նոր ձևաչափ։

Ընտրություններից հետո՝ հունիսի 22-ից Նիկոլ Փաշինյանը սկսեց հանդիպել ընտրություննեին մասնակցած, սակայն անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ստեղծել արտախորհրդարանական ուժերի պալատ։ Այդ հանդիպումների շրջանակներում Փաշինյանը երեկ հանդիպեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանի հետ։ Մարզահամերգային համալիրում այսօր կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի և մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կլոր սեղան-քննարկումը:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության այս հարցը բաժանում է երկու մասի։ Առաջինն այն է, որ հիմա կարևոր է Հայատանում ներքին կայունության, կանխատեսելիության նվազագույն մակարդակի գալ, որը թույլ կտա նաև ավելի արդյուանվետ լինել պետական կառավարման հարցում, ներքին կամ արտաքին խնդիրների առնչությամբ։ «Այս կոնտեքստում պետք է ողջունել նման ցանկացած նախաձեռնություն։

Մյուս կողմից դրանք կարող են աշխատել և գործնական ընթացք ստանալ, եթե դրանց բովանդակությունը առարկայական կլինի, եթե քննարկումները լինեն գործնական և դրա մասնակիցները տրամադրված լինեն ոչ թե իրացնել անձնական հավակնություններ՝ լինելով այդ ֆորմատում, այլ իսկապես գործնական ներդրում ունենան երկրում իրավիճակի կայունացման և հնարավոր զարգացման օջախներ ստեղծելու տեսանկյունից։ Այս առումով պետք է տեսնել, թե առարակայական բովանդակության տեսանկյունից այդ ֆորմատը ինչ շարունակություն կստանա և դրա մասնակիցները որքան ավելի վեր կլինեն զուտ անձնական կամ խմբայից շահերից ու նպատակներից»,-ասաց Բադալյանը։

Մյուս նպատակը, ըստ քաղաքագետի, ավելի նեղ քաղաքական նպատակն է, ըստ որի Փաշինյանին հիմա անհրաժեշտ է ներքին հնարավորինս ճկուն միջավայր, որն իրեն հնարավորություն կտա արտաքին մարտահրավերների հարցում մանևրել և այն մեծամասնութունը, որը ընտրության միջոցով պահպանել է, թույլ չտալ, որպեսզի այն վերածվի ծուղակի արտաքին անվտանգային հարցերում եղած մարտահավերների ու ճնշումների դեմ։ Ճնշումներ, որոնք կարող են լինել Հայաստանից որոշակի որոշումներ, օրակարգեր, քայլեր ներկայացնելու, պարտադրելու իմաստով.«Մենք տեսանք Ռուսաստանի նախագահի շնորհավանքը, որտեղ նա բավական բազմիմաստ ակնարկ արեց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ունի վստահություն, կամ վերահաստատել է իր վստահությունը և այդ մեծ վստահությունը պետք է դառնա սուր և զգայուն որոշումներ կայացնելու համար կարևոր հիմք։

Այստեղ, բնականաբար, հարցեր են առաջանում, թե որոնք են այդ սուր և զգայուն որոշումները, ինչ են դրանք ենթադրում, ինչ բովանդակություն կարող է լինել դրանում։ Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է, որպեսզի ներքին մանևրի ճկուն դաշտ ձևավորվի և արտախորհրդարանական մեխանիզմի այդ գաղափարը նրա համար կարող է լինել այդ խնդիրը լուծելու մի որևէ փորձ»,-ասաց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը՝ կարելի՞ է լավատես լինել, որ արտախորհրդարանական որոշ ուժեր հենց այդ կառուցողական դաշտում կհամագործակցեն իշխանության հետ և կաջակցեն Փաշինյանին արտաքին խնդիրներ լուծելու համար, Բադալյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է տեսնել պրոցեսների հնարավոր մոտիվները և գնահատել, թե դրանք ինչ ուղղությամբ կարող են զարգանալ։

«Եթե քաղաքական ուժերը ընդամենը փորձելու են այդ մեխանիզմով բավարարել անձնական հավակնություններ, ապա դրանից ոչինչ չի ստացվի, բայց եթե հնարավոր լինի անձնական և խմբային նպատակներից բացի ավելի մեծ նպատակներ և ավելի մեծ օրակարգեր դնել ու հարցերին ավելի լայն նայել, ապա արտախորհրդարանական ուժերի այդ մեխանիզմը կարող է գործունակ լինել և նպաստել Հայաստանի ներքին ճկունության մեխանիզմներին։

Շատ պարզ տրամաբանություն կա. Հայաստանի վրա արտաքին ճնշումները, որոնք գալիս են տարբեր սուբյեկտային ուղղություններից, հիմնականում իրականացվում են օգտագործելով ներքին իրավիճակը և այդ ներքին իրավիճակում հենց նույն անձնական հավակնությունները, խմբային շահերը։ Հիմա Հայաստանն արտաքին դրմադրողականություն կարող է բարձրացնել իր վրա ազդելու այդ ներքին օջախները առավելագույնս չեզաքացնելով։

Չեզոքացման քայլերը չեն կարող լինել միայն վարչահրամայական տրամաբանությամբ, բանտերը տարբեր մարդկանցով լցնելով և այլն։ Հայաստանին պետք է ներքին հասարակական քաղաքական կառուցվածքի բազմաշերտ և ճկուն մեխանիզմ՝ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերում այդ կառուցվածքի տարբեր դետալներին։ Միայն ճկուն մեխանիզմերով է հնարավոր գալ արտաքին դիմադրողականության։ Սա է խնդիրը, որը ավելի կենսական է լուծումներ գտնելու իմաստով, քան արդեն ներքին հարաբերությունների պարզաբանումը»,-եզրափակեց քաղաքագետը։